ՆԳ փոխնախարարն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը փետրվարի 26-ին ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Քննարկվել են համապարփակ անվտանգության մոտեցումների ներդրման ուղղությամբ հարցեր։  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳ նախարարության կայքէջից։

Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով թիրախային ուղղություններով գործընկերության ընդլայնման և փորձի փոխանակման կարևորությունը։

Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ կողմերը կարևորել են միջազգային փորձագիտական խմբի կողմից Գործողությունների ծրագրի օրենսդրական և ոլորտային քաղաքականությունների շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների կատարման առաջընթացի գնահատումը։

Քննարկվել են համապարփակ անվտանգության մոտեցումների ներդրման ուղղությամբ ընթացիկ աշխատանքները։

Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև միգրացիոն կառավարման համակարգի զարգացման մարտահրավերները՝ անդրադառնալով վերադարձի գործընթացի և անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հարցերին։

Խոսելով 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարի գործարկման մասին՝ կողմերը կարևորել են միջազգային գործընկերների ներգրավմամբ կարողությունների շարունակական զարգացումն ու մասնագիտական վերապատրաստումների իրականացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սահմանային կառավարման, կիբեռանվտանգության ոլորտի մարտահրավերներին, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն