Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել․ ԱԳՆ խոսնակ

Իրանում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությանը դիմել են ՀՀ քաղաքացիություն ունեցող երկու քաղաքացիներ։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Քաղաքացիներից մեկն առանց խոչընդոտի վերադարձել է Հայաստան, իսկ երկրորդ քաղաքացու վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է, և դեսպանությունը նրա հետ գտնվում է մշտական կապի մեջ։

ԱԳՆ խոսնակը նշել է, որ դեսպանությունն օրական ստանում է միջինում 15-20 հեռախոսազանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանի անցանելիությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով։

«Ընդհանուր առմամբ, Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել:

Իրանում կապի սահմանափակումներով պայմանավորված՝ ՀՀ դեսպանությունը նաև աջակցում է Իրանում գտնվող հայերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցմանը նրանց հարազատներին։

Բացի ՀՀ քաղաքացիներից, դեսպանությանն են դիմում նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ Հայաստան մուտքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Նրանց տրամադրվում են համապատասխան պարզաբանումներ և անհրաժեշտ ուղղորդումներ»,-նշել է Բադալյանը։

Հաղորդվում է, որ Իրանում ՀՀ դեսպանությունն անհրաժեշտ աջակցություն է ցուցաբերում Իրանի Իսլամական Հանրապետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագետներին և նրանց ընտանիքների անդամներին՝ ըստ անհրաժեշտության Հայաստանի տարածքով դեպի իրենց երկրներ վերադարձի կազմակերպման հարցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն