Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել Կատարի տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի, ում հետ կապը կրում է մշտական բնույթ․ գրառմամբ տեղեկացրել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Նշյալ քաղաքացիներից 38-ի համար, ովքեր ճամփորդելիս են եղել «Qatar Airways»-ի միջոցով, ավիաընկերության կողմից ապահովվել են կեցության, սնունդի բոլոր պայմանները։
– Քաղաքացիներից երկուսը դեղորայքի կարիք են ունեցել. համապատասխան աջակցությունը ցուցաբերվել է Դոհայում ՀՀ դեսպանության կողմից։
– Մարտի 6-ին դեսպանությունում կազմակերպվել է քննարկում՝ Դոհայում մնացած ՀՀ բոլոր քաղաքացիների մասնակցությամբ։ Դեսպանության կողմից գնահատվել են կարիքները։
Կատարի տարածքում է գտնվում ևս 3 քաղաքացի, ում պարագայում ևս դիտարկվում են վերադարձի հնարավոր տարբերակներ։
«Qatar Airways» ընկերության մարտի 9-ի չվացուցակի մեջ այս պահի դրությամբ ներառված է դեպի Երևան չվերթը»,- ասված է հաղորդագրությունում։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։