factor.am 4 մարդ զոհվել է, ևս տասը վիրավորվել են Բեյրութի կենտրոնում գտնվող «Ռամադա» հյուրանոցի վրա Իսրայելի հարվածի հետևանքով, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
Իսրայելի զինվորականները մարտի 8-ի վաղ առավոտյան հարված են հասցրել հյուրանոցի սենյակներից մեկին։ Գործակալությունը նշում է, որ սա առաջին իսրայելական հարվածն է Բեյրութի կենտրոնին այն պահից ի վեր, երբ անցյալ շաբաթ վերսկսվել են մարտական գործողությունները Իսրայելի և Հեզբոլլահի միջև։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել է, որ իրականացրել է ճշգրիտ հարված Բեյրութում գործող «Քուդս» ուժերի լիբանանյան կորպուսի առանցքային հրամանատարների դեմ։
«Քուդս» ուժերը հանդիսանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանումը։ Ըստ Իսրայելի հայտարարության՝ նրանք զբաղվում էին Իսրայելի դեմ հարձակումների պլանավորմամբ։ Իսրայելական զինվորականների պնդմամբ՝ հարվածից առաջ ձեռնարկվել են միջոցներ «քաղաքացիական բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար»։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։