Իսրայելի իշխանությունները փետրվարի 28-ից առաջին անգամ մասնակիորեն բացել են երկրի օդային տարածքը, ուղևորների սահմանափակ թվով առաջին չվերթները կայացել են «Բեն Գուրիոն» օդանավակայանից։
Այս մասին հայտնել է Իսրայելի օդանավակայանների վարչությունը,
Գերատեսչությունում պարզաբանել են, որ թռիչքներ իրականացնելու թույլտվություն են ստացել El Al, Israir, Arkia և Air Haifa ավիաընկերությունները։
Նշվում է նաև, որ այս փուլում իրականացվում են սահմանափակ թվով տարհանման չվերթներ։
Իսրայելի գլխավոր օդանավակայանը փակվել էր փետրվարի 28-ին, երբ Իսրայելն ու ԱՄն-ն հայտարարել էին Իրանին հարվածներ հասցնելու մասին։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։