azatutyun.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մերժել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմում հրադադարի հնարավորությունը՝ հայտարարելով, որ պետք է լինի հակամարտության «մշտական ավարտ»։
NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արաղչին պնդել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը «հրադադար են պահանջում»: «Սա տեղի չի ունենալու:Պատերազմը պետք է ունենա մշտական ավարտ, և մինչև այդ կետին հասնելը, կարծում եմ, պետք է շարունակենք պայքարը մեր ժողովրդի անվտանգության համար»։
Այս պնդումը հնչում է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 6-ին հայտարարել էր, որ Իրանի հետ «անվերապահ հանձնվելուց» բացի այլ համաձայնագիր չի կնքվի։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ավելի վաղ մերժել էր Թրամփի պահանջը, Արաղչին վերահաստատեց Թեհրանի դիրքորոշումը՝ ասելով. «Մենք երբեք չենք հանձնվի։ Մենք կդիմադրենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։