armenpress.am Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցնում Իրանի Սպահան քաղաքին՝ թիրախավորելով այնտեղ գտնվող անվտանգության ուժերին։
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և նրա կազմի մեջ մտնող «Բասիջ» ուժերի կողմից օգտագործվող բազային, ինչպես նաև ԻՀՊԿ-ի ոստիկանական կենտրոնակայանին։
ԻՊԲ-ն Telegram-ում հրապարակված հաղորդագրություններում նաև հայտնել է գիշերվա ընթացքում մի քանի անգամ Իրանի կողմից արձակված հրթիռների և ՀՕՊ համակարգերի ակտիվացման մասին։
Իր հերթին, ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների դեմ «Ճշմարիտ խոստում-4» գործողության 30-րդ փուլի իրականացման մասին։ Ըստ Իրանի պետական հեռուստատեսության, որը հրապարակել է ԻՀՊԿ հայտարարությունը, հարվածներ են հասցվել «Ֆաթթահ» հիպերձայնային հրթիռներով և «Խորեմշեհր-4» և «Խեյբար» գերծանր հրթիռներով։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։