armenpress.am Բահրեյնի պետական նավթային ընկերությունը մարտի 9-ին ֆորս մաժոր է հայտարարել իր մատակարարումների համար այն բանից հետո, երբ Իրանի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել իր նավթավերամշակման գործարանում։ Այս մասին հաղորդել է Բահրեյնի պետական լրատվական գործակալությունը։
Ֆորս մաժորի հայտարարումն ընկերությանը թույլ է տալիս չկատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ արտակարգ հանգամանքներով պայմանավորված։
Նշվում է, որ նավթային ընկերության գործունեությունը խաթարվել է Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության և նավթավերամշակման համալիրին հասցված վերջին հարվածների հետևանքով։
Ընկերությունը հայտնել է, որ տեղական պահանջարկը կբավարարվի։
Հարձակումը տեղի է ունեցել մարտի 9-ին Մաամիր բնակավայրում գտնվող գործարանում։ Ըստ The Associated Press-ի՝ պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։
Մեկ այլ հարձակում է տեղի ունեցել Բահրեյնի Սիտրա կղզու շրջանում։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ վիրավորվել է առնվազն 32 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։