shantnews.am Ռուսաստանը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը կվտանգեն համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրը և կհանգեցնեն նավթի ու գազի գների աճի, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես անմիջապես կցանկանայի նշել, որ Ռուսաստանը զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը անկայունացնելու փորձերը անխուսափելիորեն կվտանգեն համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրը. դրանք կբարձրացնեն նավթի և գազի գները, կսահմանափակեն այդ ռեսուրսների մատակարարումները ամբողջ աշխարհում և, իհարկե, կխաթարեն երկարաժամկետ ներդրումային ծրագրերը», – ասել է Ռուսաստանի առաջնորդը նավթի և գազի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակին նվիրված խորհրդակցության ժամանակ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։