Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մալաթիայում Patriot համակարգերի տեղակայման մասին | news.am

news.am Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է Մալաթիա նահանգում հակաօդային Patriot և հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայման մասին։ Այս մասին հաղորդում է TRT Haber-ը։

Հաղորդվում է, որ որոշումը կայացվել է տարածաշրջանում լարվածության աճի և օդային սպառնալիքների, այդ թվում՝ հնարավոր հրթիռային հարվածների և երկրի օդային տարածքի խախտումների պատճառով։

Նախարարության պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվում է, որ համակարգի տեղակայումն ուղղված է խաղաղ բնակչության և ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությանը, ինչպես նաև օդային տարածքի նկատմամբ վերահսկողության ապահովմանը։ Patriot համակարգն ունակ է որսալ բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև տարբեր թռչող սարքեր, ինչը նրան դարձնում է երկրի պաշտպանական ներուժի առանցքային տարրերից մեկը։

Բացի այդ, Թուրքիան շարունակում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և դաշնակիցների հետ՝ ազգային և տարածաշրջանային մակարդակներում հակաօդային պաշտպանության միջոցներն ուժեղացնելու նպատակով։ Գերատեսչությունում նշել են, որ Մալաթիայում համակարգի տեղադրումը հնարավորություն կտա արագ արձագանքել պոտենցիալ սպառնալիքներին և կբարձրացնի ազգային ՀՕՊ-ի արդյունավետությունը, հատկապես երկրի արևելյան հատվածում, որը սահմանակից է անկայուն տարածաշրջաններին։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ի վեր, ըստ Թուրքիայի ՊՆ-ի, երկու անգամ Իրանի տարածքից արձակված հրթիռ է հայտնվել Թուրքիայի տարածքում։ Իրանը հայտարարել է, որ Թուրքիայի ուղղությամբ հրթիռ չի ուղարկվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն