Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Փարիզում հանդիպել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։
Դավիթ Խուդաթյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Ի շարունակություն անցած տարի հունիսին Ստամբուլում կայացած հանդիպման՝ քննարկել ենք Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները:
Ընդգծելով երկու երկրների միջև էներգետիկայի ոլորտում ուղիղ փոխգործակցության զարգացման պատրաստակամությունը՝ քննարկել ենք հետագա քայլերն ու տեխնիկական մանրամասները»,- գրել է նախարարը:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ հանդիպել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որի ընթացքում քննարկել են ենթակառուցվածքային և էներգետիկ հարցեր, որոնք կնպաստեն տարածաշրջանում երկարատև խաղաղությանն ու կայունությանը։
«Այս համատեքստում անդրադարձանք համագործակցության ոլորտներին, հիմնականում՝ էլեկտրաէներգիայի փոխկապակցվածությանը, ատոմային էներգետիկային և բնական գազին», – գրել է թուրք նախարարը։