factor.am Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին պատերազմի առաջին իսկ օրը ոտքի վնասվածքներ է ստացել, և մասամբ այդ պատճառով էլ ընտրվելուց ի վեր հանրության առջև չի հայտնվել կամ որևէ հրապարակային հայտարարություն չի արել, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իրանական երեք աղբյուրների, գրում է Meduza-ն։
Աղբյուրների համաձայն՝ Խամենեիի վնասվածքի մասին իրենց տեղեկացրել են «կառավարական ավելի բարձրաստիճան պաշտոնյաները»։ Նրանք պնդում են, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը գիտակցության մեջ է և թաքնվում է հատուկ պահպանվող վայրում՝ սահմանափակ կապի միջոցներով։
Իսրայելը ևս եզրակացրել է, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է փետրվարի 28-ին, հաղորդում է NYT-ը՝ հղում անելով երկու իսրայելցի զինվորական պաշտոնյաների։
Նոր գերագույն առաջնորդի վնասվածքի անուղղակի հաստատումներից մեկը նրա հիշատակումն էր պետական հեռուստատեսությամբ և պետական IRNA լրատվական գործակալությամբ, որտեղ Խամենեին ընտրվելուց հետո անվանվում է « պատերազմի վիրավոր վետերան»։ Ավելին, «Իմդադ» կոմիտեի՝ ազդեցիկ պետական կրոնական բարեգործական կազմակերպության շնորհավորական հայտարարության մեջ Խամենեին հիշատակվում էր պատերազմում վիրավորված վետերանի պարսկերեն տերմինով։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ Այաթոլլա Ալի Խամենեիի որդին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում