armenpress.am Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Ուոնգը մարտի 11-ին խորհրդարանական լսումների ժամանակ հաստատել է, որ նախորդ շաբաթ փակվել են Աբու Դաբիում և Թել Ավիվում դեսպանատները, ինչպես նաև Դուբայում Ավստրալիայի հյուպատոսարանը։
Ուոնգը հայտարարել է, որ կառավարության թիվ մեկ առաջնահերթությունը «ավստրալացիների ապահովությունն է տանն ու արտասահմանում»։
«Վտանգավոր ու ապակայունացնող հարձակումներն Իրանի կողմից ռիսկի տակ էին դնում քաղաքացիական անձանց, այդ թվում և ավստրալացիների կյանքերը»,- հայտարարել նա։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 3200 ավստրալացիներ 23 թռիչքներով հայրենիք են վերադարձել տարածաշրջանից։
Հակամարտության սկզբում տարածաշրջանում գտնվում էր Ավստրալիայի մոտ 115,000 քաղաքացի։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։