armenpress.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը պետք է հնարավորինս արագ դադարեցվի՝ քանի դեռ ամբողջ տարածաշրջանը չի ներքաշվել լայնածավալ հակամարտության մեջ։
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Էրդողանն այդ հայտարարությունն արել է մարտի 11-ին Անկարայում անցկացված միջոցառման ժամանակ ունեցած ելույթի ընթացքում։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ տարածաշրջանում աճող լարվածությունը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, եթե հակամարտությունը չկասեցվի դիվանագիտական ճանապարհով։ Նա ընդգծել է, որ Անկարան ակտիվ շփումներ է վարում տարածաշրջանի և միջազգային մի շարք դերակատարների հետ՝ լարվածությունը նվազեցնելու և դիվանագիտական գործընթացները վերականգնելու նպատակով։
Էրդողանը նաև նշել է, որ հակամարտության շարունակումը սպառնում է ոչ միայն տարածաշրջանի կայունությանը, այլև կարող է ծանր հետևանքներ ունենալ մարդկանց անվտանգության և տնտեսական կայունության համար։
Թուրքիայի նախագահը կրկնել է, որ Անկարան աջակցում է դիվանագիտական լուծումներին և շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։