Աշխարհը պետք է պատրաստ լինի 200 դոլար վճարել նավթի բարելի համար. Իրանի հրամանատարություն | azatutyun.am

azatutyun.am  Իրանի ռազմական հրամանատարությունը հայտարարել է, թե աշխարհը պետք է պատրաստ լինի 200 դոլար վճարել նավթի մեկ բարելի համար, քանի դեռ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմը չի ավարտվել։ Անցած գիշեր Իրանի բանկերին հասցված հարվածներից հետո երկրի ռազմական հրամանատարության խոսնակ Էբրահիմ Զոլֆագարին նաև սպառնացել է համարժեք պատասխան՝ ԱՄՆ-ի կամ Իսրայելի հետ համագործակցող բանկերի վրա։

Էներգետիկ շուկայում խորացող անորոշությունն ու գնաճը մեղմելու համար Ճապոնիան և Գերմանիան հայտարարել են, որ պատրաստ են նավթ բաց թողնել իրենց պաշարներից։

Հաղորդվում է նաև, որ Միջազգային էներգետիկ գործակալությունը, որը ստեղծվել է նման ճգնաժամերին հակազդելու համար, խնդրել է անդամ պետություններին 400 միլիոն բարել նավթ տրամադրել։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն