Իրանի ԱԳՆ-ն հաստատում է՝ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է | factor.am

factor.am  Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց նա լավ է։ Այս մասին իտալական Corriere della Sera-ին ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Նա վնասվածք է ստացել, բայց լավ է։ Չգիտեմ, թե երբ է իր առաջին ելույթն ունենալու։ Առաջնորդության համար երեք կամ չորս անուն կար, բայց Փորձագետների ժողովի մեծամասնությունը նրան ընտրեց՝ համաձայն Սահմանադրության։ Սա ցույց է տալիս, որ մեր համակարգը չի կառավարվում մեկ մարդու կողմից»,- նշել է Բաղային։

Իսրայելի «12-րդ ալիքը» մարտի 7-ին հաղորդել էր Մոջթաբա Խամենեիի վիրավորվելու մասին՝ հղում անելով աղբյուրներին: Հեռուստաալիքի տվյալներով՝ նա վիրավորվել է փետրվարի 28-ին՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման առաջին օրը, ավիահարվածի ժամանակ: Ավելի ուշ NYT-ը հաղորդել էր, որ Խամենեին ոտքի վնասվածքներ է ստացել պատերազմի առաջին օրը, այդ պատճառով ընտրությունից ի վեր հանրությանը չի ներկայացել կամ որևէ հայտարարություն չի արել։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։  Նոր գերագույն առաջնորդ է ընտրվել 56-ամյա Մոջթաբա Խամենեին, որը Ալի Խամենեիի երկրորդ որդին է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն