armenpress.am Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին հայտարարել է, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարձակումների հետևանքով զոհվել է ընդհանուր առմամբ 216 կին և 198 երեխա։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Մոհաջերանին նաև անդրադարձել է բժշկական հաստատություններին հասցված վնասներին՝ նշելով, որ վնասներ են կրել 21 շտապօգնության բաժանմունքներ, որոնցից երեքը լիովին ավերվել են։
Առողջապահական ոլորտի զոհված աշխատակիցների թիվը հասել է 12-ի։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։