Իսրայելի բանակը պատրաստվում է ընդլայնել գործողությունները Լիբանանում | armenpress.am

armenpress.am Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը մարտի 12-ին հայտարարել է, որ հրամայել է բանակին պատրաստվել Լիբանանում գործողությունների ընդլայնմանը։ Ինչպես հաղորդում է AP-ն, այս մասին նա խոսել է հրապարակված տեսաուղերձում։

«Վարչապետը և ես հանձնարարել ենք Իսրայելի պաշտպանության բանակին պատրաստվել Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնմանը և հյուսիսային համայնքներում հանգստության ու անվտանգության վերականգնմանը։ Ես զգուշացրել եմ Լիբանանի նախագահին, որ եթե Լիբանանի կառավարությունը չգիտի, թե ինչպես վերահսկել տարածքը և կանխել «Հեզբոլլահ»-ի սպառնալիքները հյուսիսային համայնքներին նկատմամբ և Իսրայելի ուղղությամբ կրակ բացելը, մենք կվերցնենք տարածքը և դա կանենք ինքներս», – ասել է Կացը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն