Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումն ընտրություններից առաջ  մտահոգություններ է առաջացնում․ IODA | civilnet.am

civilnet.am  Հայաստանում քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար միջավայրի վատթարացումը լուրջ մտահոգություններ է առաջացնում այն ժողովրդավարական պայմանների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են արդար և ազատ ընտրություններ անցկացնելու համար։ Այս մասին մարտի 12-ին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան (International Observatory for Democracy in Armenia / IODA) նախաձեռնությունը՝ ներկայացնելով իր նախնական գնահատականը այս շաբաթ Հայաստանում իրականացրած առաջին փաստահավաք առաքելությունից հետո։

Կառավարության կողմից դատական իշխանության և կրոնական հաստատությունների անկախության նկատմամբ միջամտության, ինչպես նաև ենթադրյալ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքականացված քրեական հետապնդումների վերաբերյալ առկա փաստերը՝ ներառյալ քաղաքական առաջնորդների, լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավաբանների և հոգևորականների նկատմամբ գործողությունները, խաթարել են քաղաքական մրցակցության հավասար պայմանների նկատմամբ վստահությունը։

«Թշնամական հարևաններով շրջապատված փոքր երկրի համար Հայաստանի ամենաթանկարժեք ակտիվը նրա ժողովրդավարությունն է։ Տարածաշրջանում այդ հազվագյուտ երևույթը դառնում է հատկապես մտահոգիչ այն պայմաններում, երբ կառավարության քայլերը աստիճանաբար սահմանափակում են ժողովրդավարական ազատությունները՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ», – ասել է IODA-ի գործադիր խորհրդի անդամ Քեննեթ Ռոթը։

«Միջազգային հանրությունը, ցավոք, իր ուշադրությունը կենտրոնացրել է ոչ թե ամենակարևորի՝ կենսունակ ժողովրդավարության պահպանման վրա, այլ ընտրությունների արդյունքում որևէ կողմնակալ արդյունք ապահովելու վրա՝ լինի այն «արևմտամետ» թե «ռուսամետ»», – նշել է IODA-ի գործադիր խորհրդի անդամ Ֆիլիպ Քալֆայանը։

IODA-ն անկախ և ոչ կուսակցական նախաձեռնություն է, որը ստեղծվել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների վիճակը դիտարկելու համար՝ 2026 թվականի հունիսին նախատեսված ընտրություններից առաջ։ Կազմակերպությունը որևէ ազգային կառավարության կամ միջազգային կառույցի հետ կապ չունի և կազմված է բացառապես մարդու իրավունքների անկախ փորձագետներից։

IODA-ի պատվիրակությունը, որ Հայաստանում գտնվել է մարտի 7-ից 12-ը, իր նախնական գնահատականը կազմել է երկրի տարբեր դերակատարների հետ հանդիպումների հիման վրա՝ ներառյալ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, հոգևորականների, հասարակական կազմակերպությունների և ընտրությունների ամբողջականությունն ու մարդու իրավունքները ապահովող պետական մարմինների հետ խորհրդակցություններից հետո։ Արդարադատության և ներքին գործերի նախարարությունները, Սահմանադրական դատարանը, ինչպես նաև կառավարող կուսակցությունը՝ Քաղաքացիական պայմանագիրը, հրաժարվել են հանդիպել պատվիրակության հետ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Քեննեթ Ռոթը, Ֆիլիպ Գալֆայանը, Սառա Լիհ Ուիթսոնը և Մարկ Ջոնսը։

IODA-ի պատվիրակության նախնական գնահատականում նշված հիմնական մտահոգությունները ներառում են հետևյալ փաստերի առկայությունը.

Քաղաքական շարժառիթներով ձերբակալություններ և կալանքներ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի՝ «Ուժող Հայաստան» կուսակցության առաջնորդի, ինչպես նաև արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի, Միքայել Աջապահյանի, Արշակ Խաչատրյանի և Մկրտիչ եպս. Պռոշյանի նկատմամբ, երբեմն նաև՝ ոստիկանության կողմից խիստ և անհամաչափ ուժի կիրառմամբ և հաճախ՝ երկարատև ու անհարկի նախնական կալանքով.

Դատական համակարգի անկախությանը միջամտելու փորձեր, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի միջոցով, ինչի հետևանքով որոշ դատավորներ հեռացվել են պաշտոնից՝ ըստ երևույթին քաղաքական շարժառիթներով, ինչպես նաև քաղաքական կողմնակալության նշաններ այն դատավորների նշանակման գործընթացում, որոնք քննության են առնում ընդդիմադիր գործիչների գործերը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն