azatutyun.am Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին «մի քանի րոպեից» իր առաջին ուղերձը կհրապարակի, հաղորդել է նրա պաշտոնական Տելեգրամ ալիքը՝ առանց մանրամասնելու՝ դա կլինի ձայնագրված ուղերձ, թե գրավոր հայտարարություն։
Նշվում է միայն, որ անցած շաբաթավերջին ընտրված նոր առաջնորդը կխոսի պատերազմի առաջին օրը սպանված հոր՝ Ալի Խամենեիի, «ժողովրդի, զինված ուժերի, դիմադրության ճակատի, ինչպես նաև տարածաշրջանի երկրների և թշնամիների հետ հարաբերությունների մասին»:
Ընտրությունից ի վեր կրտսեր Խամենեին չի խոսել, ավելի ուշ Թեհրանը հաստատել էր, որ նա վիրավոր է, միաժամանակ պնդել՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։