arm.sputniknews.ru Իրաքի Էրբիլ նահանգում ռազմակայանի վրա հարձակման հետևանքով ֆրանսիացի զինվորականներ են տուժել, հայտնում են տեղի իշխանությունները:
Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է մեկ զինվորականի` ադյուտանտ-շեֆ Առնո Ֆրիոնի մահվան և վեց հոգու վիրավորվելու մասին:
«Նրանց ներկայությունն Իրաքում բացառապես ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում է։ Իրանում պատերազմը չի կարող արդարացնել նման հարձակումները»,-ընդգծել է նա։
Մակրոնը հարձակումն անընդունելի է անվանել։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։