armenpress.am Իսրայելի Զարզիր քաղաքում հրթիռակոծության հետևանքով 58 մարդ է վիրավորվել։ Նրանցից մեկը միջին ծանրության վիրավորում է ստացել, մնացածը թեթև վիրավորվել են ապակու կտորներից։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Զարզիրը գտնվում է Երուսաղեմից 100 կմ հեռավորության վրա՝ Լիբանանի հետ սահմանին։
«Հեզբոլլահ»-ը վաղ առավոտյան հայտարարել է, որ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի և Լիբանանի հարավում գտնվող իսրայելական զորքերի ուղղությամբ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։