Քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված հարցեր. ներկա են եղել նաև բժիշկներ

Քննարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված հարցեր. ներկա են եղել նաև բժիշկներ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն «Առողջության իրավունք» և «Բժշկի ձայն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ մարտի 13-ին կազմակերպել էր աշխատանքային քննարկում «Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությունը Հայաստանում. հիմնախնդիրներ» թեմայով: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 25-ից ուժի մեջ է մտել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն էլ 2026 թվականի հունվարի 1-ից իրականացվում է Առողջության համընդհանուր ապահովագրության փուլային ներդրում:

Աշխատանքային քննարկմանը մասնակցում էին ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ, գործող բժիշկներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, մասնագետներ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, քննարկումը վարող Արմենուհի Կյուրեղյանը տեղեկացրել է, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ոլորտային պաշտոնատար այլ անձինք ևս հրավիրվել են մասնակցելու քննարկմանը, սակայն  նախարարից ստացվել է պատասխան, ըստ որի՝ համապատասխան քննարկումներ նախատեսված է ունենալ համակարգի ներդրումից հետո, երբ կվերլուծվեն եռամսյա տվյալները: Նախարարը նաև տեղեկացրել է, որ նախարարությունն ուղիղ կապի մեջ է ոլորտի առանձին մասնագետների, տարբեր ասոցիացիաների և հասարակական կազմակերպությունների հետ:

Քննարկման մասնակիցները կարևորել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը՝ անդրադառնալով առկա հիմնախնդիրներին, որոնցից հիմնականը, ըստ նրանց, բժիշկների ծանրաբեռնվածությունն էր և նրանց վարձատրության անհամաչափ մեթոդաբանությունը:

Ելույթ ունեցողները ներկայացրել են բժիշկների բողոքները, նշել յուրաքանչյուր բուժծառայության համար փոխհատուցվող վարձատրության չափերը, ինչը, ըստ նրանց գնահատականների, ի վնաս բժիշկների է: Հնչել են նաև առաջարկներ, որոնց դրական են արձագանքել քննարկման մասնակիցները:

Ելույթ ունեցողները նշել են, որ տվյալ քննարկման նպատակը ոլորտում առկա խնդիրների հետ առերեսվելու ցանկությունն է, ինչպես նաև բժշկի արժանապատվության վերականգնումն ու առկա թերությունների վերացումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն