News.am Իրանի տարածքին հասցվող հարվածների բնապահպանական հետեւանքները կարող են զգացվել տասնամյակներ, գրել է Bloomberg գործակալությունը։
Ինչպես ընդգծել է լրատվամիջոցը, էներգետիկ եւ ռազմական ենթակառուցվածքի վրա գրոհների հետեւանքով մթնոլորտում արդեն հայտնվել են մեծ քանակությամբ թունավոր նյութեր, որոնք կարող են երկար ժամանակ պահպանվել շրջակա միջավայրում եւ սպառնալիք ներկայացնել միլիոնավոր մարդկանց առողջության համար։
Բիրմինգհեմի համալսարանի մթնոլորտային կենսաերկրաքիմիայի պրոֆեսոր Զոնգբո Շիի խոսքով՝ հրդեհների ծխի եւ ամպերի մեջ պարունակվող մասնիկները «կարող են խոր թափանցել թոքեր եւ կապված են շնչառական, սրտանոթային եւ այլ հիվանդությունների առաջացման ռիսկի բարձրացման հետ, մասնավորապես՝ նորածինների եւ տարեցների մոտ»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։