shantnews.am Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումը կարող է փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, եթե որոշի ռազմական աջակցություն ցուցաբերել Իրանին։ Այս մասին հայտարարել է հութիների զինված ուժերի խոսնակ Աբեդ ալ-Սաուրը։
«Հենց որ միջամտելու որոշում կայացվի, առաջին քայլը կարող է լինել ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի կողմից ծովային շրջափակման պաշտոնական հայտարարումը։ Առևտրային նավերն ու ռազմանավերը, այդ թվում՝ ավիակիրները, որոնք ուղևորվում են ԱՄՆ և օկուպացված տարածքներ (նկատի ունի Իսրայելը՝ խմբ.), կարող են կանգնեցվել», – մարտի 14-ի երեկոյան նրա խոսքերն է մեջբերել Press TV-ն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։