Իրանի ԱԳ նախարարը մեղադրել է Իսրայելին էկոցիդ իրականացնելու մեջ | armenpress.am

armenpress.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարծում է, որ Իսրայելին պետք է պատժել Թեհրանում կատարած բնապահպանական հանցագործությունների համար: Այս մասին Իրանի արտաքին գործերի նախարարը գրել է X-ի իր էջում:

«Իսրայելի կողմից Թեհրանում վառելիքի պահեստների ռմբակոծումը միջազգային իրավունքի խախտում է և համարվում է էկոցիդ»,- նշել է Արաղչին: Նա հավելել է, որ Իսրայելի հարձակման հետևանքով բնակիչների համար առաջանում է «առողջության համար երկարաժամկետ վնաս, իսկ հողի և գրունտային ջրերի աղտոտումը կարող է հետևանքներ ունենալ, որոնք կզգացվեն սերունդներ շարունակ»:

«Իսրայելը պետք է պատժվի իր պատերազմական հանցագործությունների համար»,- գրել է Արաղչին:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն