civilnet.am «Ես մեռնում եմ… սուրճի համար»,- այս արտահայտությամբ տեսանյութ է հրապարակել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X-ի իր էջում՝ հերքելով համացանցում տարածված լուրերը, թե ինքը սպանվել է իրանական ավիահարվածի հետևանքով։
Տեսահոլովակում Նեթանյահուն սրճարանում սուրճ է պատվիրում և կատակում շրջանառվող լուրերի շուրջ։ «Ես մեռնում եմ… սուրճի համար»,- ասել է նա՝ օգտագործելով եբրայերեն մի արտահայտություն, որը թարգմանաբար նշանակում է ինչ-որ բան մահու չափ սիրել։ «Գիտե՞ք ինչ, ես «մեռնում եմ» իմ ժողովրդի համար։ Նրանց պահվածքը հիանալի է»,- հավելել է նա։
Տեսանյութի ընթացքում Նեթանյահուն նաև բարձրացնում է երկու ձեռքերը և մատները ցույց տալիս տեսախցիկին։
Ավելի վաղ սոցցանցերում որոշ հրապարակումներ ենթադրում էին, թե նրա մամուլի ասուլիսի կադրերը, որտեղ նա պատկերված էր մի ձեռքին վեց մատով, գեներացվել էին արհեստական բանականության միջոցով։
«Ուզո՞ւմ եք հաշվել իմ մատները։ Դրանք կարող եք տեսնել այստեղ… և այստեղ։ Տեսնո՞ւմ եք։ Շատ լավ է»,- ասել է Նեթանյահուն։
Իսրայելի քաղաքացիներին ուղղված իր ուղերձում Նեթանյահուն ասել է. «Դուրս եկեք և մի քիչ մաքուր օդ շնչեք, բայց մնացեք պաշտպանված տարածքի մոտ։ Ձեր դիմադրողականությունը զարմանալի է. այն ուժ է տալիս ինձ, կառավարությանը, Իսրայելի պաշտպանության բանակին և Մոսադին։ Մենք անում ենք այնպիսի բաներ, որոնք ես չեմ կարող… այս պահին, բայց մենք շատ ուժեղ հարվածներ ենք հասցնում Իրանին, նույնիսկ այսօր։ Դուք ինձ ասո՞ւմ եք շարունակել։ Ես ձեզ բոլորիդ ասում եմ. դուք նույնպես շարունակեք»։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։