armenpress.am Իսրայելական զորքերը նոր ցամաքային գործողություն են սկսում Լիբանանի տարածքում արմատական «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին մարտի 16-ին X սոցիալական ցանցում հայտարարել են Իսրայելի պաշտպանության ուժերը։
«Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը սկսել են սահմանափակ և թիրախային ցամաքային գործողություններ հարավային Լիբանանում «Հեզբոլլահ»-ի հիմնական հենակետերի դեմ՝ ուղղված առաջնային պաշտպանական գոտու ամրապնդմանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Իսրայելական կողմից հայտնել են, որ «գործողությունը առաջնային պաշտպանական դիրքը ամրապնդելու պաշտպանական ջանքերի մի մասն է», որի շրջանակում նախատեսվում է «վերացնել ահաբեկիչներին»՝ հյուսիսային Իսրայելի բնակիչների համար անվտանգության լրացուցիչ շերտ ստեղծելու համար։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։