armenpress.am Իրանի զինվորականները գրոհել են Իսրայելի Rafael զենք արտադրող ընկերության կենտրոնների վրա: Այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի բանակը։
«Գրոհների թիրախ են դարձել Rafael զենքի արտադրության, ինչպես նաև Israel Aerospace Industries (IAI) ավիաարդյունաբերական ընկերության կենտրոնները», – նշվում է հաղորդագրության մեջ, որի տեքստը հրապարակել է Mehr գործակալությունը։
Իրանցի զինվորականները նշել են, որ Rafael-ը զբաղվում է հակաօդային պաշտպանության համակարգերի մշակմամբ, իսկ IAI-ն՝ ռազմական ինքնաթիռների արտադրությամբ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։