armenpress.am Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհել է, որ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ հրաժարվել են աջակցել Իրանի դեմ հակամարտությանը։
Այս մասին Թրամփը նշել է Սպիտակ տանը տեղի ունեցած նիստի ընթացքում։
«Մենք 40 տարի պաշտպանել ենք այդ երկրներին, ծախսելով տասնյակ միլիարդավոր դոլարներ։ Ես այս մասին կտեղեկացնեմ Ներկայացուցիչների պալատին և Սենատին և կհարցնեմ՝ ինչո՞ւ ենք մենք պաշտպանում այդ երկրներին, որոնք չեն պաշտպանում մեզ։ Ես միշտ զգացել եմ, որ ՆԱՏՕ-ն թույլ տեղ է»,- նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առաջիկայում կնշի այն երկրները, որոնք պատրաստակամություն են հայտնել աջակցել Վաշինգտոնին։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում