armenpress.am Եվրոպական խորհրդարանում Իսպանիան ներկայացնող պատգամավոր Նաչո Սանչեսը բարձր է գնահատում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը Եվրամիությանն ավելի մոտենալու հարցում, ինչպես նաև այդ ուղղությամբ Հայաստանի հասարակության մոտեցումը։
Նաչո Սանչեսն այդ մասին ասել է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում։
Հարցազրույցի ընթացքում Սանչեսն անդրադարձել է նաև Եվրոպական խորհդարանում վերջերս ձևավորված Ժողովրդավարության աջակցության խմբի՝ DEG-ի գործունեությանը և դրա շրջանակներում Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցությանը, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ ԵՄ-ի կողմից արվող քայլերի և այլ հարցերի։
-Բարի կեսօր, պարոն Սանչես։ Շնորհակալություն մեզ միանալու համար։
-Ոջույն։ Սիրով։
-Պարոն Սանչես Ժողովրդավարության աջակցության խմբի՝ DEG-ի ստեղծումից ի վեր ի՞նչ կոնկրետ աշխատանք է իրականացվել, ի՞նչ արդյունքներ են գրանցվել, և ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում կառույցի գործունեությունը։
-Մենք հարցին հետևյալ կերպ մոտեցանք։ Որոշեցինք առանձնացնել 4-6 առաջնահերթ երկրներ, և վերջին փուլում որոշեցինք ներառել Հայաստանը։ Այնուհետև իմ առաքելությունը՝ որպես այս ձևաչափում առաջատար անդամ, այն էր, որ երբ ես այլ ձևաչափով այցելում էի երկիր, այդ այցն օգտագործեի նաև խորհրդարանական ղեկավարության հետ զուգահեռ օրակարգ վարելու համար։ Սա խորհրդարան-խորհրդարան հարաբերություն է, և այն գործում է երկու մակարդակով։
Տեխնիկական մակարդակում, այսինքն՝ այն ամենի շուրջ, ինչ Հայաստանի խորհրդարանին անհրաժեշտ է տեխնիկական տեսանկյունից՝ գրանցամատյանի կազմակերպում, ՏՏ սարքավորումներ և նման գործնական հարցեր, մենք շատ արդյունավետ հանդիպում ունեցանք Հայաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղարի հետ։
Բայց քաղաքական մակարդակում, որն այն մակարդակն է, որտեղ ես պետք է ավելի խորությամբ աշխատեմ, նպատակը բևեռացումը հաղթահարելու պայմաններ ստեղծելն է։ Ես գիտեմ, որ երկիրը շատ բևեռացված է, և խորհրդարանը նույնպես շատ բևեռացված է։ Եվ մեր պարտքն է փորձել ստեղծել այդ պայմանները։
Այս դերի այդ հատվածը մենք իրականացնում ենք խմբակցությունների ղեկավարներին միասին հավաքելով։ Եվ մենք դա արեցինք։ Նրանք մի քանի շաբաթ առաջ եկան Եվրոպական խորհրդարան և ունեցան շատ հագեցած օրակարգ, որի ընթացքում մենք խոսեցինք քաղաքականության մասին։ Առաջին նստաշրջաններն անխուսափելիորեն ձևավորվում էին իներցիայով, որովհետև այդ իներցիան կա։ Նրանք փորձում էին Եվրոպական միություն տեղափոխել նույն վեճերն ու կարծիքները, որոնք օգտագործում են միմյանց միջև, բայց հետո մտան օրակարգի մեջ և մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին բազմաթիվ գործնական հարցերի նկատմամբ, որոնց շուրջ մենք նրանց հնարավորություն տվեցինք սովորել Եվրոպական խորհրդարանից։
Երբ ես գնացի Երևան, մարդկանց հարցրեցի՝ պատրա՞ստ եք ներգրավվել այսպիսի ծրագրի մեջ նույնիսկ ընտրություններից առաջ։ Եվ բոլորը պատասխանեցին՝ այո։ Այսինքն՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ասաց այո, խմբակցությունների ղեկավարներն ասացին այո, և հետո մենք դա արեցինք, թեև հաստատ գիտեինք, որ երբ ընտրությունները մոտենում են, լարվածությունն անխուսափելիորեն ավելի բարձր է լինում։ Բայց լավ էր առաջնորդներին միասին հավաքելը նույնիսկ ընտրություններից առաջ։
-Քանի որ Հայաստանը ընդգրկվել է DEG-ում, և հայտնի է, որ Եվրախորհրդարանը այս ձևաչափում ընդգրկված երկրներում հաճախ ունենում է ներկայացուցչություններ, արդյո՞ք կարելի է ակնկալել, որ հաջորդ քայլերից մեկը կլինի Հայաստանում Եվրոպական խորհրդարանի տարածաշրջանային գրասենյակի բացումը։
-Ոչ, մենք օգտագործում ենք մեր դեսպանատները։ Այսինքն՝ տեղում մեր հիմնական զրուցակիցը դեսպանն է՝ Եվրոպական միության դեսպանը։ Եվրոպական միության դեսպանը միայն Եվրոպական հանձնաժողովի կամ Եվրոպական խորհրդի արտաքին ծառայության դեսպանը չէ, նա Եվրոպական միության դեսպանն է։ Եվ հետո մենք սովորաբար աշխատում ենք դեսպանատների միջոցով, և դեսպանը տեղյակ է մեր հարաբերությունների այս նոր ձևաչափից։ Ահա այսպես է դա աշխատում։
Բայց մենք ստեղծում ենք մի տեսակ վստահություն և կանոնավոր շփում։ Եվ սա լավ է, օրինակ, Հայաստանի եվրոպական ձգտումների համար։ Սա այն ֆոնն է, որի վրա մենք ստեղծեցինք Հայաստանի համար այս առաջնահերթ կարգավիճակը։
-Նախորդ տարվա վերջին Եվրանեսթի նիստը տեղի ունեցավ Երևանում, իսկ այս տարի սպասվում է ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ներկա դինամիկան և առաջիկա հեռանկարները։
-Կարծում եմ՝ դա շատ դրական է, որովհետև մենք, այսպես ասած, արձագանքել ենք հայկական իշխանությունների, և կարծում եմ նաև հասարակության կողմից Եվրոպական միությանն ավելի մոտենալու խնդրանքին։ Դա հաստատ այդպես է։ Եվ մենք շատ բարձր ենք գնահատում այս քաղաքականությունը Եվրոպական միությանը մոտենալու ուղղությամբ՝ ոչ միայն Կառավարության, այլև հասարակության կողմից։
Այնուհետև մենք ուսումնասիրում ենք բոլոր ձևաչափերը՝ հանձնակատարների այցեր, կապակցվածության հարցեր, օրակարգի ցանկացած այլ մաս, ուսումնասիրում ենք նաև, թե ինչ կերպ Եվրոպական խորհրդարանը կարող է օգնել Հայաստանի խորհրդարանին՝ փորձելով հաղթահարել այս իրավիճակը։
Ինչ վերաբերում է այն փաստին, որ այս գործունեությունները սկսվել են ընտրություններից առաջ (խմբ. նկատի ունի Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները), ես կնախընտրեի, որ գագաթնաժողովը չլիներ ընտրություններին այսքան մոտ։ Դա իմ որոշելիքը չէ, բայց հաստատ պետք է զգույշ լինենք, որպեսզի Հայաստանում դա չընկալվի որպես այս կամ այն թեկնածուին աջակցություն։ Եվ, իհարկե, ընտրություններին այսքան մոտ գագաթնաժողով ունենալը վարչապետ Փաշինյանին հարթակ է տալիս հանրության առաջ բարենպաստ լույսի ներքո ներկայանալու համար։ Բայց Եվրոպական հանձնաժողովի օրակարգը որոշելը իմ լիազորությունների շրջանակում չէ, և նրանք որոշել են դա անել մայիսին։ Ես պարզապես բոլորին զգուշացնում եմ չներքաշվել ներքին քաղաքական դաշտ։
-Հայաստանում սպասվող ընտրություններին ընդառաջ արդյոք դիտորդներ ուղարկելու հրավեր ստացե՞լ եք։ Եթե այո, ապա արդյոք մեծ պատվիրակություն կլինի՞ Եվրախորհրդարանից:
-Չգիտեմ։ Մենք պետք է որոշենք։ Կա որոշման համակարգ՝ քաղաքական խմբերի միջև հերթականությամբ և այլ սկզբունքներով։ Կարող եմ պատկերացնել, որ իմ գործընկերների կողմից մեծ հետաքրքրություն կլինի, բայց վստահ չեմ՝ պաշտոնապես ստացե՞լ ենք հրավերը, թե՞ ոչ։ Բայց հաստատ հրավերը լինելու է։ Հայաստանը ոչ միայն առաջնահերթ երկիր է, այլև այն երկրներից մեկն է, որոնց համար մենք առաքելություն ենք նախապատրաստում, եթե հրավիրվենք։ Բայց վստահ չեմ, թե այս պահին պաշտոնապես ստացել ենք հրավերը։
-Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման պահանջով տարբեր հարթակներում բազմաթիվ բանաձևեր են ընդունվել։ Ի՞նչ հստակ քայլեր են ձեռնարկվել, այդ թվում, օրինակ, այս կառույցի նախագահի կողմից։ Գո՞հ եք ԵՄ գործադիր մարմինների արձագանքից, թե՞ կարծում եք, որ ձեռնարկված քայլերը դեռևս բավարար չեն։
-Եվրոպական խորհրդարանի այն անդամները, որոնք ավելի ներգրավված են այս երկրի հարցերում, ինչպես ես, Նատալի Լուազոն և մյուս գործընկերները, միշտ բարձրացնում են այդ հարցը։ Բայց մենք պետք է ճնշում գործադրենք այն միջնորդի վրա, որը ծառայություններ է առաջարկել՝ Միացյալ Նահանգների վրա։ Այսինքն՝ անցած տարվա օգոստոսյան համաձայնագրում կամ հայտարարությունում հստակ նշված էր, որ այդ հարցերով զբաղվում է Միացյալ Նահանգները։
Ես գիտեմ, որ շփումներ կան, բայց մենք ցանկանում ենք, որ այդ շփումները լինեն արդյունավետ և այդ մարդկանց վերադարձնեն տուն՝ Հայաստան, որովհետև, տեսեք, սա ռազմական դատարան է, բայց նրանք ասում են՝ ոչ, սա ռազմական ընթացակարգ չէ, բայց սա ռազմական դատարան է։ Սա սովորական միջավայր չէ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում