Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունի | armenpress.am

armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների հաջողության պայմաններում այլևս չունեն ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը և չեն ցանկանում այն։

Այս մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Truth Social-ի էջում կատարած գրառման մեջ։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում դաշնակիցների մեծ մասը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ չի ցանկանում միջամտել Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ռազմական գործողությանը, չնայած՝ գրեթե բոլոր երկրները վճռականորեն աջակցում են իրենց գործողություններին և կարծում են, որ Իրանին ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ միջուկային զենք ունենալ։

«Այնուամենայնիվ, նրանց գործողությունները ինձ չեն զարմացնում, քանի որ ես միշտ ՆԱՏՕ-ն, որտեղ մենք տարեկան հարյուրավոր միլիարդավոր դոլարներ ենք ծախսում հենց այդ երկրների պաշտպանության համար, ես միշտ համարել եմ միակողմանի երթևեկությամբ փողոց։ Մենք կպաշտպանենք նրանց, բայց իրենք ոչինչ չեն անի մեզ համար, հատկապես՝ դժվար պահին։ Բարեբախտաբար, մենք ոչնչացրել ենք Իրանի բանակը։ Ոչնչացված են նրանց ռազմածովային, ռազմաօդային ուժերը, հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռադարները, և, թերևս ամենակարևորը, չկան նրանց առաջնորդները գրեթե բոլոր մակարդակներում, որպեսզի այլևս երբեք չսպառնան մեզ, մեր մերձավորարևելյան դաշնակիցներին կամ ողջ աշխարհին։

Մեր ռազմական հաջողությունների պայմաններում մենք այլևս «կարիք չունենք» և չենք ցանկանում ՆԱՏՕ-ի երկրների օգնությունը։ Մենք երբեք էլ դրա կարիքը չենք ունեցել»,-նշել է ԱՄՆ նախագահը, հավելելով, որ նույնը վերաբերում է նաև Ճապոնիային, Ավստրալիային և Հարավային Կորեային։

«Ավելին, հանդես գալով որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ աշխարհի, անկասկած, ամենահզոր երկրի ղեկավար, կասեմ՝ մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ»,-գրել է Թրամփը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն