factor.am ՄԱԿ-ի հանձնաժողովը հետաքննություն է սկսել Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների առաջին օրը տարրական դպրոցի վրա հարվածի հետ կապված, որի հետևանքով զոհվել է 168 մարդ, որոնցից շուրջ 110-ը՝ երեխաներ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մենք գտնվում ենք այս հետաքննության վաղ փուլում»,- Ժնևում կայացած մամուլի ասուլիսում ասել է Իրանում ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության անդամ Մաքս դյու Պլեսին՝ նշելով, որ կան հավաստի ապացույցներ, որոնք հաստատում են Իրանի կողմից հաղորդված զոհերի թիվը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։