Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։
Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները։
Արաղչին, ներկայացնելով Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական ագրեսիայի վերաբերյալ, ընդգծել է, որ միջազգային իրավունքի համաձայն որևէ պետություն իրավունք չունի իր տարածքն ու հնարավորությունները տրամադրել այլոց՝ ագրեսիվ գործողությունների համար։
«Իրանի ԱԳ նախարարը, զգուշացնելով սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից հնարավոր սադրանքների մասին, որոնք նպատակ ունեն խաթարել Իրանի հարաբերությունները այլ երկրների հետ, նշել է, որ Իրանի պաշտպանական գործողությունները ուղղված են միայն ագրեսորների, ինչպես նաև այն բազաների և օբյեկտների դեմ, որոնք օգտագործվում են Իրանի դեմ գործողությունների համար»։
Հեռախոսազրույցի մասին ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ ասված է, որ Բայրամովն ընդգծել է Նախիջեւանի վրա դրոններով հարձակման դեպքի քննությունն անհապաղ ավարտին հասցնելու կարեւորությունը։
Նշվել է նաեւ, որ կոնֆլիկտի շարունակականության պայմաններում հարկավոր է խուսափել քաղաքացիական օբյեկտներին հարվածելուց, որքան հնարավոր է շուտ դադարեցնել ռազմական էսկալացիան տարածաշրջանում եւ առկա խնդիրները լուծել բանակցությունների եղանակով։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքեր են ընկել: Դրոններից մեկը բախվել է օդանավակայանի տերմինալին, մյուսն ընկել է դպրոցի մոտ։ Իշխանությունների տվյալներով՝ տուժել է առնվազն չորս մարդ։ Իրանական կողմը հայտարարել է, որ կապ չունի հարձակման հետ։