news.am Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անօգնական վիճակում գտնվողի սպանությունը): Այս մասին հայտնեցին Դատախազությունից։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։
Վերակենդանացման բաժնում գտնվող փոքրիկը 21-ամյա մոր չորրորդ երեխան է, զույգ տղաներին, ըստ Արարատի մարզի համագյուղացիների, մանկատուն են տարել, իսկ գյուղում տատիկի խնամքին է մնացել երեքամյա աղջնակը: Մայրը երեկ «Ազատությանն» ասել էր, որ երեխային նախկին ամուսնու մոտ է թողել, մինչև ինքը վարձով բնակարան գտներ:
Ըստ կնոջ խոսքի՝ նախկին ամուսնու տանը այլ կին կամ կանայք կան, զանազան ամուսնություններից ծնված երեխաներ: Փոքրիկին ծեծելու կասկածանքով ձերբակալվածը նախկին ամուսնու կողակիցն է, նաև՝ իր ընկերուհին։