ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախային սպանությունները չեն տապալի Թեհրանի «ամուր քաղաքական կառուցվածքը»․ Իրանի ԱԳ նախարար | civilnet.am

civilnet.am  ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացվող թիրախային սպանությունները չեն տապալի Թեհրանի «ամուր քաղաքական կառուցվածքը»։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Al Jazeera-ին տված հարցազրույցում։ Նախարարը շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը հիմնված է կայացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ինստիտուտների վրա, այլ ոչ թե առանձին անհատների։

«Իհարկե, անհատները ազդեցիկ են, և յուրաքանչյուր ոք խաղում է իր դերը՝ ոմանք ավելի լավ, ոմանք ավելի վատ, ոմանք ավելի քիչ, բայց կարևորն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը շատ պինդ կառույց է»,- ասել է Արաղչին։

Ըստ Արաղչիի՝ որևէ անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի կարող խաթարել պետական համակարգի կայունությունը։ Որպես փաստարկ նա մատնանշել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանությունը, որը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը։ Նախարարը նշել է, որ չնայած համազգային մեծ կորստին, համակարգը շարունակել է իր աշխատանքը և անմիջապես ապահովել առաջնորդի փոխարինումը։

«Մենք չենք ունեցել որևէ մեկին, ով ավելի կարևոր լիներ, քան հենց առաջնորդը, և նույնիսկ առաջնորդը նահատակվեց, սակայն համակարգը շարունակեց իր աշխատանքը և անմիջապես ապահովեց փոխարինողին»,- ասել է արտաքին գործերի նախարարը։

Արտգործնախարարը հավելել է, որ նույն սկզբունքը գործում է նաև Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի կամ ցանկացած այլ բարձրաստիճան պաշտոնյայի նահատակության դեպքում։ Նրա ձևակերպմամբ՝ Իրանի քաղաքական համակարգը չափազանց պինդ կառույց է, որն ընդունակ է վերականգնվել և շարունակել գործունեությունը նույնիսկ առանցքային դեմքերի կորստից հետո։

«Եթե երբևէ արտաքին գործերի նախարարը նահատակվի, ի վերջո կգտնվի մեկ ուրիշը՝ այդ պաշտոնը ստանձնելու համար»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։ Մարտի 18-ին Թեհրանը պաշտոնապես հաստատել է նաև Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն