Այս պահին ներկայացված Սահմանադրության տեքստում Ներածությունը չկա, իսկ Անկախության հռչակագրին հղումը Ներածության մեջ է. Գալյան | 1lurer.am

1lurer.am  Այս պահին ներկայացված Սահմանադրության տեքստում Ներածությունը չկա առհասարակ, իսկ Անկախության հռչակագրին հղումը Ներածության մեջ է: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հռչակագրի մասը Սահմանադրության նոր տեքստից հանվել է:

«Թող տպավորություն չստեղծվի, որ խուսափում ենք ներկայացնել, թե ինչ է այս պահին ամփոփված Ներածության շրջանակներում: Ուղղակի ես միշտ մի բան եմ նշում. Սահմանադրության տեքստը՝ նախագծի տեքստով, լինելու է հրապարակային, այդ թվում՝ հրապարակային է լինելու Ներածությունը, և հանրությունը կարողանալու է տեսնել, թե ինչ է այնտեղ գրված, ու կորոշի…

Հիմա վարչությունում և խմբակցությունում են քննարկումները շարունակվում: Սահմանադրությունը պարզ օրինագիծ չէ, դա մեր պետության իրավական հիմքն է, և մեկ քննարկումով վստահաբար չենք կարող ամփոփել մեր մտքերը»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ Սահմանադրության նոր տեքստի հրապարակման ժամկետները դեռ հայտնի չեն, կհստակեցվեն, բայց դեռ ժամանակ կա, քանի որ չկա հանրաքվեի ժամկետ:

«Հանրաքվե նշանակված չէ, ոչնչից չենք ուշանում այս պահին: Մեր մեծագույն ցանկությունն է տալ հանրությանը բավարար ժամանակ՝ ծանոթանալու տեքստին և բավարար ժամանակ, տեքստին ծանոթ լինելով, կատարել ճիշտ ընտրություն»,- ասաց նա:

Նախարարը նաև չբացառեց, որ Սահմանադրության նոր տեքստը կհրապարակվի մինչև խորհրդարանական ընտրություն:

«Այն տեքստը, որը կհրապարակվի, ստատիկ չի լինելու, այսինքն՝ անփոփոխելի չի լինելու, դա լինելու է նախագիծ, հետևաբար չի բացառվում, որ դրանում կկատարվեն մի շարք փոփոխություններ այն բանից հետո, երբ ստացվեն քաղաքացիների, ոլորտի մասնագետների համապատասխան կարծիքները»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ Սահմանադրությունն ընդունել-չընդունելու հարցը որոշելու է ժողովուրդը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն