azatutyun.am Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը «ոչնչացվել» է գիշերային հարվածի արդյունքում։
Իրանից դեռևս չկա որևէ պաշտոնական հաստատում Խաթիբի մահվան վերաբերյալ։
Կացը նշել է, որ ինքը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն թույլատրել են զինված ուժերին խոցել ցանկացած բարձր դիրք ունեցող թիրախավորված իրանցի պաշտոնյայի՝ առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։