Միայն այս տարվա 2,5 ամսում 5000-ից ավելի դիմում ենք ստացել. ՆԳ նախարարը՝ ԼՂ-ից տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին | 1lurer.am

1lurer.am  Այս պահի դրությամբ լիովին այլ իրավիճակ ունենք քաղաքացիության դիմումների մասով, որովհետև եթե անցած տարվա կտրվածքով առաջին կիսամյակում մենք ընդամենը շուրջ 4000 դիմում ենք ունեցել, արդեն այս տարվա հաշվարկով՝ 2,5 ամսվա կտրվածքով, այդ թիվը գերազանցում ենք: Այդ մասին «(Լեռնային – Ինֆոքոմ) Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով (Լեռնային – Ինֆոքոմ) Ղարաբաղից տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ստացման գործընթացին:

«Այսինքն՝ եթե առաջին տարի առաջին կիսամյակում ընդամենը 4000 դիմում ենք ստացել, միայն այս տարվա 2,5 ամսվա ընթացքում 5000-ից ավելի դիմումներ ենք ստացել, ինչը նաև խոսում է ձեռքսեղմման մասին, որովհետև մեր հանձնառությունը նաև կիսվում է ձեր կողմից, և ավելի մեծ տեմպերով ենք ձեզանից դիմումներ ստանում»,- ասաց նա՝ դիմելով (Լեռնային – Ինֆոքոմ) Ղարաբաղից տեղահանվածներին:

Նախարարը հիշեցրեց, որ մինչև անցած տարվա ավարտը հանձնառություն էին ստանձնել, որ 2 ամսվա կտրվածքով պետք է հանգուցալուծել բոլոր դիմումները, և որ այդ հանձնառությունը կատարել են: Եզակի են այն դեպքերը, երբ մինչև 2 ամսվա ընթացքում դիմումը հանգուցալուծում չի ստացել:

«Այլ հավասար պայմաններում, եթե այլ անձինք են դիմում ՀՀ քաղաքացիության համար, այս պրոցեսը 4,5 ամիս է տևում: Բայց մենք ընդհանուր առմամբ, մեր հանձնառությունը նկատի ունենալով, մինչև 2 ամսվա կտրվածքով ավարտում ենք պրոցեսը»,- ասաց նա:

Նախարարը հիշեցրեց, որ ի տարբերություն մյուսների՝ Ղարաբաղից տեղահանվածները ՀՀ քաղաքացիության դիմելու համար որևէ վճար չեն վճարում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն