Իրանն ԱՄԷ-ի ուղղությամբ 2000 հրթիռ ու անօդաչու է արձակել մարտին | civilnet.am

civilnet.am Մարտ ամսին Իրանից Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 2,001 միավոր հրթիռ ու անօդաչու թռչող սարք, որից 314-ը՝ բալիստիկ հրթիռ, 1,672-ը՝ անօդաչու թռչող սարք և 15-ը՝ թևավոր հրթիռ: Այս մասին հայտնում են ԱՄԷ դեսպանությունից։

«126 երկիր և միջազգային կազմակերպություն անհանգստություն են հայտնել և դատապարտել են ԱՄԷ-ի դեմ Իրանի ագրեսիան։ ԱՄԷ ղեկավարությունն իրականացրել է լայնածավալ դիվանագիտական գործունեություն»,- հայտնում են ԱՄԷ դեսպանությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով ԱՄԷ-ում զոհվել է 6 քաղաքացիական անձ և զինված ուժերի 2 զինծառայող, ևս 157 մարդ ստացել է թեթև մարմնական վնասվածքներ: Չնայած հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից թիրախների մեծ մասի խոցմանը, ընկած բեկորները որոշակի վնաս են հասցնել քաղաքացիական գույքին:

Միջազգային հարթակում ստեղծված իրավիճակին արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ 2026-ի մարտի 11-ին ընդունելով թիվ 2817 բանաձևը, որով տեղի ունեցած հարձակումները որակվել են որպես միջազգային իրավունքի խախտում և սպառնալիք տարածաշրջանային կայունությանն ու նավարկության ազատությանը:

Տնտեսական ոլորտում, չնայած լարվածությանը, երկրի ոչ նավթային հատվածը շարունակում է ապահովել ՀՆԱ-ի 75%-ը, իսկ ինքնիշխան հարստության հիմնադրամների ակտիվները գնահատվում են 2,49 տրլն դոլար:

Զբոսաշրջության և ավիացիայի ոլորտներում արձանագրվել են չվերթների ժամանակավոր փոփոխություններ և ուղևորների կեցության հետ կապված լրացուցիչ ծախսեր, սակայն մարտի առաջին տասնօրյակում օդանավակայաններից օգտվել է շուրջ 1,4 մլն ուղևոր:

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին, ինչպես նաև Լիբանանին, որտեղ տեղակայված է իրանամետ «Հեզբոլլահ» կազմակերպությունը։ 

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։ 

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն