Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանին | 1lurer.am

1lurer.am  Մարտի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանին։ Իսրայելական կողմի տվյալներով՝ դրանք ուղղված են եղել «Հըզբոլլահի» հրթիռային կայանքներին և ենթակառուցվածքներին երկրի ամբողջ տարածքում։

Լիբանանի մայրաքաղաքի վրա հարձակումներն ամենաավերիչն են եղել։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի կենտրոնական Զքաք էլ-Բլատ և Բաստա շրջաններին երկու հարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 24-ը։ Իսրայելը նաև հարվածել է մայրաքաղաքի մի հյուրանոցի, որտեղ բնակվել են իրանցի դիվանագետներ։

Բեյրութից բացի, ինտենսիվ հարվածներ են գրանցվել նաև երկրի հարավային շրջաններում, կան զոհեր ու վիրավորներ:

Լիբանանի իշխանությունների տվյալներով՝ մարտի 2-ին ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր, Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 912 մարդ, մեկ միլիոնից ավելի քաղաքացի էլ ստիպված է լքել են իրենց տները։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն