news.am Իսրայելի պաշտպանության ուժերին (ՑԱԽԱԼ) թույլատրված է սպանել ցանկացած բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի՝ առանց Իսրայելի քաղաքական ղեկավարության լրացուցիչ հաստատման, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, որի խոսքերը մեջբերել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Վարչապետը և ես ՑԱԽԱԼ-ին լիազորել ենք սպանել ցանկացած բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի, որը գտնվում է մեր հետախուզական և օպերատիվ շրջանակում՝ առանց լրացուցիչ հաստատման անհրաժեշտության։ Մենք կշարունակենք հետապնդել և վերացնել նրանց բոլորին»,- հայտարարել է նախարարն առաջնագծում իրավիճակի գնահատման ժամանակ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։