Եթե Իրանը դարձյալ հարձակվի Քաթարի վրա, Միացյալ Նահանգները կոչնչացնի «Հարավային Պարս» հանքավայրն այնպիսի ուժով, որը Իրանը երբեք չի տեսել։ Նման սպառնալիք է հնչեցրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն տեղյակ չի եղել, որ Իսրայելը հարվածելու է «Հարավային Պարս»-ին:
«Իսրայելը այլևս հարձակումներ չի իրականացնի այս չափազանց կարևոր և արժեքավոր հանքավայրի՝ «Հարավային Պարս»-ի դեմ, եթե Իրանը չընդունի անխոհեմ որոշում՝ հարձակվելու շատ անմեղ կողմի՝ այս դեպքում՝ Քաթարի վրա։
Այդ դեպքում Միացյալ Նահանգները՝ Իսրայելի օգնությամբ և համաձայնությամբ կամ առանց դրա, զանգվածաբար կպայթեցնի ամբողջ «Հարավային Պարս»-ի գազային հանքավայրը այնպիսի ուժով և հզորությամբ, ինչպիսին Իրանը երբեք չի տեսել կամ զգացել»,- գրել է Թրամփը։
Նշենք, որ Քաթարը հայտարարել է, որ Իրանի հրթիռային հարվածները Ռաս Լաֆֆան արդյունաբերական քաղաքի հիմնական գազային ենթակառուցվածքին, ինչի հետևանքով «լուրջ վնասներ» են պատճառվել: Քաթարի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ տարածքում բռնկված հրդեհը նախնական փուլում վերահսկողության տակ է վերցվել, և տուժածներ չկան։
«Քաթարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ խստորեն դատապարտում է «Իրանի բացահայտ հարձակումը»:
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր Ծոցի երկրների նավթագազային ենթակառուցվածքների վրա հարձակումների վերաբերյալ՝ ի պատասխան «Հարավային Պարս» հանքավայրի ուղղությամբ Իսրայելի հարձակումների:
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։