Երևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ. ԱՄՆ հետախուզական ծառայություն | azatutyun.am

azatutyun.am Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ, արձանագրում է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը: Սպառնալիքների գնահատման՝ այսօր հրապարակված տարեկան զեկույցում կառույցն օրինակ է բերում Ադրբեջանի պահանջը՝ փոխել Հայաստանի սահմանադրությունը:

«Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը՝ հեռացնելու հղումը, որը, նրա խոսքով, ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ», – գրում է ամերիկյան հետախուզական ծառայությունը:

Միաժամանակ տարեկան զեկույցն արձանագրում է, որ օգոստոսին Վաշինգտոնի հովանավորությամբ Սպիտակ տանն անցկացված Խաղաղության գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի համար ստեղծել է հնարավորություն՝ հասնելու երկարատև խաղաղության համաձայնագրի և նպաստելու տարածաշրջանային կայունության աճին։

Հետախուզական ծառայությունը, մասնավորապես, նկատում է, որ ամերիկյան կողմին հաջողվել է հասնել խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնության, ինչպես նաև հաստատվել է TRIPP նախագիծը, որը «կառավարվելու է ԱՄՆ-ի կողմից, և Հայաստանի հարավով անցնող ճանապարհով կապելու է Ադրբեջանն իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու երկրների և ողջ տարածաշրջանի համար»:

Վաշինգտոնի գնահատմամբ, այս զարգացումները նշանակալի շրջադարձ են հայ-ադրբեջանական հարաբերություններում: Հետախուզական ծառայությունը հիշեցնում է, որ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերադարձրել է Լեռնային Ղարաբաղը «Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչությունից»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն