armenpress.am Իրաքում գործող «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման անդամները մարտի 19-ի վաղ առավոտյան հայտարարել են հինգ օրով Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումները որոշակի պայմաններով դադարեցնելու մասին։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
««Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման գլխավոր քարտուղարը հրամայել է հինգ օրով դադարեցնել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումները»,- նշել է խմբավորման անվտանգության պատասխանատու Աբու Մուջահիդ ալ-Ասսաֆը։
Նրա խոսքով՝ 5-օրյա դադարը որոշակի պայմաններ ունի։
«Սիոնիստական կազմակերպությունը պետք է դադարեցնի Բեյրութի հարավային արվարձանների տեղահանությունները և ռմբակոծությունը, պետք է զերծ մնա Բաղդադի և այլ նահանգների բնակելի թաղամասերի ռմբակոծությունից։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն (ԿՀՎ) գործակալները պետք է դուրս բերվեն իրենց կայաններից և մնան դեսպանատանը», – նշված է հայտարարության մեջ։
Ալ-Ասսաֆն ընդգծել է, որ եթե պահանջները չկատարվեն, պատասխանը կլինի ուղիղ և կենտրոնացված՝ 5-օրյա ժամկետից հետո հարձակումների սրմամբ։
Վերջին օրերին Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը, ինչպես նաև Բաղդադի միջազգային օդանավակայանում գտնվող դրա լոգիստիկ աջակցության կենտրոնն անօդաչու թռչող սարքերի և հրթիռների թիրախ են դարձել, որոնց մեծ մասը որսացել են հակաօդային պաշտպանության ուժերը։
Մյուս կողմից Իրանին աջակցող «Իրաքի իսլամական դիմադրություն» անվամբ կազմակերպության ներքո գործող իրաքյան խմբավորումները պարբերաբար պատասխանատվություն են ստանձնում Իրաքում և տարածաշրջանում «թշնամու բազաների» վրա անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումների համար։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։