azatutyun.am Իրանի արտգործնախարարն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի և Շվեդիայի իր պաշտոնակիցների հետ։ Աբբաս Արաղչին քննարկել է «Իրանի դեմ ռազմական ագրեսիան և դրա տարածաշրջանային ու գլոբալ հետևանքները»:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանը նամակ է հղել Անվտանգության խորհրդին, քննադատելով Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների սպանության վերաբերյալ նրա շարունակական լռությունը, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։