civilnet.am Եվրամիությունը լրացուցիչ 140 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին, որն ուղղված է բարեփոխումների իրականացմանը և վիզաների ազատականացման գործընթացին։Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։
ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն այժմ աշխարհում միակ երկիրն է, որը ԵՄ-ի հետ գտնվում է վիզաների ազատականացման շուրջ ակտիվ երկխոսության մեջ, ինչն ընդգծում է երկկողմ հարաբերությունների խորությունը։
Հանձնակատարի խոսքով՝ տարածաշրջանային անկայունության ֆոնին Հայաստանը դիտարկվում է որպես վստահելի գործընկեր և ընկեր, ինչը դրսևորվել է նաև տարածաշրջանից Եվրոպայի քաղաքացիների տարհանման հարցում ցուցաբերած աջակցությամբ։
Կոսը նշել է, որ 2022-ից ի վեր Հարավային Կովկասով անցնող առևտրային երթուղիների ծավալը քառապատկվել է, իսկ թիրախային ներդրումների դեպքում փորձագետները կանխատեսում են դրա եռապատկում մինչև 2030-ը՝ օգուտ բերելով թե՛ Հայաստանին, թե՛ Եվրոպային։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային կապուղիների մեջ՝ խթանելու կայուն խաղաղությունն ու բարգավաճումը, քանի որ սահմանների բացումն ու ենթակառուցվածքների զարգացումը նվազեցնում են հակամարտությունների ռիսկը։
Հանձնակատարը նաև մանրամասնել է, որ 2024-ի ապրիլից մեկնարկած «Աճի և դիմակայունության պլանի» շնորհիվ արդեն իսկ աջակցություն է ստացել 7,000 բիզնես և ստեղծվել է ավելի քան 20,000 աշխատատեղ։
«Մենք նաև կառուցում ենք դպրոցներ, ներդրումներ ենք կատարում բնակարանային և սոցիալական ծառայությունների ոլորտում և աջակցում ենք Ղարաբաղի հայերի ինտեգրմանը՝ տրամադրելով ավելի քան 70 մլն եվրո օգնություն, ներառյալ դրամական աջակցությունը, բնակարանային և սոցիալական ծառայությունները»,- ասել է Կոսը։
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին հիբրիդային սպառնալիքների և ապատեղեկատվության դեմ պայքարում՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։