factor.am Անցած գիշեր Իսրայելի բանակն ավիահարված է հասցրել Կասպից ծովում՝ Էնզելի նավահանգստային քաղաքի մոտակայքում գտնվող իրանական ռազմածովային նավերին: Independent-ի արաբական ծառայության տվյալներով՝ գործողությունն իրականացվել է Ռուսաստանից Իրան ուղևորվող գաղտնի ռազմական բեռի վերաբերյալ հետախուզական տվյալների հիման վրա, գրում է Israel Inside-ը։
Հրապարակումների համաձայն, հարձակման ենթարկված նավերից մեկը տեղափոխում էր անօդաչու թռչող սարքերի և բարձր տեխնոլոգիական էլեկտրոնային սարքավորումների մեծ խմբաքանակ։ Իրանական աղբյուրները հաստատում են, որ այս բեռի մասին տեղեկատվությունը որսալը հարձակման պատրվակ է հանդիսացել։
Նախնական գնահատականներով՝ հարվածի հետևանքով վնասվել է մինչև հինգ խոշոր ռազմանավ, իսկ մեկը՝ լուրջ է վնասվել։ Իսրայելի բարձրաստիճան ռազմական աղբյուրն ընդգծել է, որ այս գործողությունը նշանավորել է Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջին գրանցված մարտական կիրառումն այս աշխարհագրական հատվածում։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։
Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում