news.am ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Միացյալ Նահանգներին և Իսրայելին դադարեցնել Իրանի դեմ պատերազմը՝ միաժամանակ հորդորելով Թեհրանին դադարեցնել հարևան երկրների վրա հարձակումները։
Այս մասին հայտնում է AFP-ը։
«Ժամանակն է վերջ դնել այս պատերազմին, որը սպառնում է ամբողջությամբ դուրս գալ վերահսկողությունից»,- Բրյուսելում ԵՄ առաջնորդների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Գուտերեշը։
Նա նաև կոչ է արել վերաբացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։
Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։
Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ռազմական հարձակումը սկսվել է իրանա-ամերիկյան բանակցությունների ֆոնին, որոնցից ԱՄՆ նախագահը դժգոհություն էր հայտնել՝ պնդելով, որ Իրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից եւ սպառնալիք է հանդիսանում «ազգային անվտանգության կենսական շահերին»։