Հանցավորության թեման հաճախ քաղաքական մանիպուլյացիայի գործիք է դառնում․ ՆԳ նախարար | armenpress.am

armenpress.am Հանցավորության վիճակագրությունը վերջին շրջանում հաճախ օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ խաթարելով հանրային ընկալումները ներքին անվտանգության վերաբերյալ։

Այս մասին հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Կառավարության ծրագրի (2021–2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույց ներկայացնելիս` նախարարն ընդգծեց, որ անվտանգության թեման մշտապես եղել և մնում է օրակարգային։

«Անվտանգությունը մեզ բոլորիս հուզող թեմա է և պատահական չէ, որ թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգությանը մենք անընդհատ անդրադառնում ենք և քննարկումներ ենք ծավալում այս ուղղությամբ, բայց ես ուզում եմ հատկապես փաստել, որ հանցավորության վիճակագրությունը վերջին ժամանակահատվածներում հատկապես հաճախ օգտագործվում է որպես քաղաքական մանիպուլյացիայի գործիք՝ դառնալով նաև նախընտրական դեբատի թեմա՝ սադրելով ներքին անվտանգության կայունությունը»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ հանրությանը հաճախ ներկայացվում է հանցավորության ուռճացված պատկեր, մինչդեռ իրավապահ մարմինները գործում են իրական տվյալների հիման վրա՝ առաջնորդվելով քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։

Նախարարը նաև անդրադարձավ իրավապահ համակարգի աշխատանքի նկատմամբ հնչող քննադատություններին՝ նշելով, որ դրանք հաճախ ակտիվանում են նախընտրական փուլերում և համապատասխանում են ինչպես հիբրիդային սպառնալիքների տրամաբանությանը, այնպես էլ միջազգային փորձին։

Արփինե Սարգսյանը հիշեցրեց, որ Կառավարության ծրագրով նախատեսված են եղել ոստիկանության համակարգում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, այդ թվում՝ ոստիկանության գվարդիայի ձևավորում և կանխարգելման նոր գործիքակազմի ներդրում։

«Մենք հոգատարությամբ և խնամքով թե՛ նոր արձանագրումներ ենք ունենում և թե՛ նաև այլ խնդիրների լուծման հետևից ենք գնում, որոնք այս պահի դրությամբ ինքներս արձանագրել ենք՝ լինելով ոլորտի ավելի մոտ կանգնած անձինք»,- նշեց նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն